Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրա անունը պատահականորեն չէր ընտրված. հայրը որդուն կոչել էր աշխարհի չեմպիոն դարձած առաջին հայ շախմատիստի` Տիգրան Պետրոսյանի անունով։ Երբ Տիգրան Պետրոսյանը 1963 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Լևոն Պետրոսյանը խոստացել է, որ եթե երբևէ որդի ունենա, անունը դնելու է Տիգրան։ Աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է Տիգրան Լ. Պետրոսյանի ծնվելուց մեկ ամիս առաջ։

Տիգրան Լ. Պետրոսյանը շախմատ խաղալ սովորել է հինգ տարեկանում։ Մինչև 2002 թվականին շախմատային ակադեմիա ընդունվելը նրա մարզիչներն են եղել Գագիկ Սարգսյանը և գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը։ Ակադեմիայում նրան մարզել են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։

Պետրոսյանը գրոսմայստերի կոչմանն արժանացավ` երկու տարում երեք անգամ լրացնելով անհրաժեշտ նորմերը. 2002 թվականին մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում (Իրակլիոն, Հունաստան), 2003 թվականին Բաթումի բաց մրցաշարում և 2004 թվականին «Աերոֆլոտ-օփեն»-ում (Մոսկվա)։

2004 թվականին նա չինացի Չժաո Ցզյունի հետ 2-3-րդ տեղերն է բաժանել աշխարհի երիտասարդների առաջնությունում (Կոչի, Հնդկաստան)։ 2005 թվականին Տիգրանն առաջին տեղն է բաժանել Թեհրանի, Քիշի և Լոզանի մրցաշարերում։ 2006 թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Լիոնի և Դուբայի մրցաշարերում։ 2008 թվականին Պետրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել Վիլինգի (Իլինոյս, ԱՄՆ) և Լաս Վեգասի մրցաշարերում։

2008 թվականի նոյեմբերին Լևոն ԱրոնյանիՎլադիմիր ՀակոբյանիԳաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար Տիգրանը և թիմի մյուս անդամները պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2011 թվականին Պետրոսյանը Մարատ Ջումաևի և Անտոն Ֆիլիպովի հետ 1-3-րդ տեղերն է բաժանում Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում (Տաշքենդ) և լրացուցիչ ցուցանիշներով հռչակվում հաղթող։ Նույն թվականին նա հաղթում է Ֆիշերի շախմատի (Շախմատ-960) Հայաստանի անդրանիկ առաջնությունում, Աբհիջետ Գուպտայի և Մագեշ Պանչանաթանի հետ 2-4-րդ տեղերն է բաժանում Orissa International գրոսմայստերական բաց մրցաշարում և առաջին տեղն է զբաղեցնում Villa de Benasque 31-րդ բաց մրցաշարում։

2012 թվականի հունվարին Պետրոսյանը հաղթում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ փետրվարին դառնում է Հայաստանի արագ շախմատի առաջնության հաղթող։

2012 թվականի սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թիմակիցներ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ անգամ հաղթում է համաշխարհային օլիմպիադայում: Այդ հաղթանակի համար Տիգրանը ՀՀ նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեց Պատվո շքանշանով։

2013 թվականի հունվարին Տիգրանը երկրորդ անգամ է հաղթում Հայաստանի առաջնությունում։ Նա նաև առաջին տեղն է զբաղեցնում Grand Europe Open Albena-2013 միջազգային մրցաշարում (Ալբենա, Բուլղարիա)։

Հայաստանի հավաքականի կազմում Տիգրանը երկուական անգամ մասնակցել է աշխարհի (2010, 2013) և Եվրոպայի (2009, 2013) թիմային առաջնություններին։ 2009 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում (Նովի Սադ, Սերբիա) Տիգրանը հայտավորված էր որպես պահեստային խաղացող, սակայն անցկացրեց 8 պարտիա, վաստակեց 6 միավոր (+4 =4 -0) և իր խաղատախտակի վրա արժանացավ անհատական արծաթե մեդալի։

Արտյոմ Սուքիասյան