Խորհուրդ ծնողներին

Շախմատիստի հաջող ելույթի համար մեծ դեր է խաղում ծնողը։ Ծնողի դերը առավել մեծ է դառնում փոքրիկ շախմատիստների համար, հոգեբանության տեսանկյունից այն մեծ է նաև մարզիչի դերից։ Հիշեք՝ երեխան մարզիչի հետ անցկացնում է շաբաթական մի քանի ժամ, որի մեծ մասը նա կենտրոնացած խաղային որակները բարելավելու վրա, իսկ ծնողի հետ նա ապրում է։ Ուստի երեխայի հոգեբանության վրա ծնողի ազդեցությունը շատ ավելի մեծ է։

Ծնողը երեխայի ամենահարազատ մարդն է, երեխան պետք է զգա ծնողի աջակցությունը, նա պետք է զգա, որ անկախ ամեն ինչից ծնողը իրեն կաջակցի։ Երեխան պետք է զգա, որ ծնողը իր կողքին է, այլ ոչ թե գլխին կանգնած։ Շատ ծնողներ կան, ովքեր <<սպառնում են>> երեխաներին, ասելով թե չհաղթելու դեպքում կպատժեն կամ կզրկեն ինչ-որ բանից։ Այդպիսով ծնողը մեծ հոգեբանական ճնշում է գործադրում իր երեխայի վրա, ով այլևս չի կարողանում ամբողջությամբ կենտրոնանա խաղի վրա, քանի որ մտքում միշտ հիշելու է, որ չհաղթելու դեպքում կպատժվի։ Սա հանգեցնում է հոգեբանական ընկճվածության, իսկ որոշ դեպքերում երեխան կարող է նույնիսկ խարդախության դիմել հաղթելու համար, ինչը նույնպես գովելի չէ։

Շատ դեպքերում ծնողը փորձում է պատասխանատվության զգացողություն առաջացնել և ասում է, թե ինչ կարևոր խաղ է, հաղթանակ է պետք, բոլորը սպասում են հաղթանակի և նմանատիպ շատ բաներ։ Դա ոչ թե պատասխանատվություն է առաջացնում, այլ վախ։ Երեխան սկսում է վախենալ անհաջողությունից, ինչը նույնպես բացասաբար է ազդում հոգեբանական վիճակի վրա։

Ծնողներ, հիշեք, դուք պետք է լինեք երեխայի թիկունքը, ձեզ վրա նա պետք է հենվի խաղի ժամանակ, և պետք է զգա ձեր աջակցությունը։ Եվս մեկ հետաքրքիր փաստ․ պետք չէ շատ լարվել։ Իհարկե, երեխայի համար բոլոր նորմալ ծնողներն էլ անհանգստանում են, սակայն ձեր լարվածությունը փոխանցվում է երեխային։ Երեխան, տեսնելով լարված ծնողին, ինքն էլ ակամայից լարվում է։ Իսկ եթե դուք հանգիստ լինեք, որքանով դա հնարավոր է, այդ վստահությունը կփոխանցվի ձեր փոքրիկին։

Մինչ հիմա ասում էինք, թե ինչ պետք չէ անել, հիմա էլ խոսենք նրա մասին, թե ինչ կարող է անել ծնողը իր երեխայի համար․

Շատ խոսքեր պետք չեն, շախմատիստը բնավորությամբ ինտրովերտ է, իսկ մրցաշարի ընթացքում նա ամբողջությամբ կենտրոնանում է պարտիաների վրա, ուստի ձեր չափից շատ խոսակցությունը իրեն միայն կնյարդայնացնի։ Կարճ ասեք, որ սիրում եք, համբուրեք մի անգամ և թողեք ինքնուրույն պատրաստվի։ Եթե երեխան զգա ձեր աջակցությունը, անհրաժեշտության դեպքում ինքը ձեզ կմոտենա։

Հետևեք երեխայի դիետային, քանի որ սննդի սխալ ընդունումը կխանգառի կենտրոնացմանը։

Հնարավորության դեպքում երեխայի <<սրտով գնացեք>>։ Օրինակ եթե ցանկանում է խաղից առաջ քայլել, մի արգելեք և քայլեք, եթե բան եք առաջարկում և նա չի համաձայնվում, ոչ մի դեպքում մի պնդեք։ Երեխան ձեզ հարգելով կարող է համաձայնվել, սակայն հոգու խորքում նա իրեն վատ կզգա։ Մի ստիպեք իրեն կատարել չսիրած աշխատանքը։ Այս ամենը, իհարկե, չափի սահմաններում, ոչ ոք չի ասում, որ պետք է երեխային <<գլխին նստեցնել>>, սակայն որոշ մանրուքներ կարելի է թույլ տալ։ Աշխատեք այնպես անել, որ նա արտաքին հանգամանքների պատճառով չշեղվի մրցաշարային մտքերից։

Եվս մեկ կարևոր բան․ <<ինչի պարտվեցիր>> արտահայտությունը մեկընդմիշտ մոռացեք։ Այն հնչում է որպես մեղադրանք, իսկ մինչ հարցնելը փորձեք ինքներդ ձեզ երեխայի տեղ դնել և պատասխանել։ <<Ինչպես պարտվեցիր>> հարցը պետք է տա միայն այն մարդը, որը բավականաչափ շախմատային գիտելիք ունի երեխայի բացատրածը հասկանալու համար։

Եվ հիշեք, թե հաջողության, թե անհաջողության դեպքում երեխան առաջինը ձեզ է գրկելու, հետո նոր միայն մարզիչին կամ մեկ ուրիշին։

Արտյոմ Սուքիասյան