Շատ շախմատիստներ նախընտրում են ապահով խաղալ` ընտրելով հանգիստ դիրքեր, ինչը հանգեցնում է նմանատիպ շարունակության: Հասկանալի է, որ լավ է մնալ նման հարմարավետ գոտում։ Սակայն եթե ցանկանում եք բարելավել ձեր խաղը, դուք պետք է դուրս գաք այդ գոտուց: Եթե գտնվում եք բարելավման փուլում, սուր սկզբնախաղերը կարագացնեն ձեր առաջընթացը և թույլ կտան ձեզ սովորել շախմատի մի շարք կարևոր էլեմենտներ: Ներկայացնենք 7 պատճառ սուր սկզբնախաղեր խաղալու համար:
1. Դուք կբարելավեք ձեր մարտավարական հմտությունները
Սուր սկզբնախաղերն իրենց մեջ շատ մարտավարական հնարքներ են պարունակում: Դուք ոչ միայն պետք է կարողանաք գտնել ամենաուժեղ հարձակվողական կոմբիանցիաները, այլև պետք է դիմակայեք հակառակորդի սպառնալիքներին: Խաղալով սուր սկզբնախաղեր` դուք կբարելավեք ձեր տակտիկական հմտությունները (զգուշացում` միգուցե դուք ընթացքում կպարտվեք, սակայն դա չպետք է անհանգստացնի ձեզ, մինչև չբարելավեք ձեր շախմատային հմտությունները:)
Միգուցե դուք հարցնեք` արդյոք սուր դիրքեր խաղալն ավելի արդյունավետ է, քան պարզապես մարտավարական խնդիրներ լուծելը: Երկուսն էլ հավասարապես կարևոր են մարտավարական հմտությունները զարգացնելու համար: Իրականում, շատ շախմատիստներ բավականին փորձ ունեն խնդիրներ լուծելու, բայց ոչ բավարար փորձ` այդ խնդիրները պարտիայի ընթացքում տեսնելու համար:
2․Դուք կսովորեք ավելի խորը հաշվել տարբերակները
Սուր դիրքերում, այն շախմատիստները, ովքեր ի վիճակի են ավելի խորը վերլուծել և գնահատել վերջնական դիրքը, մեծ առավելություն են ձեռք բերում: Խաղալով սուր սկզբնախաղեր՝ դուք կստիպեք ինքներդ ձեզ ավելի հաճախ հաշվել, ինչը կհանգեցնի ձեր հաշվելու հմտությունների բարելավմանը:
3. Տեմպ չվատնելու սովորություն ձեռք կբերեք
Սուր սկզբնախաղային դիրքերում յուրաքանչյուր տեմպ շատ թանկ է: Տեմպը կարող է որոշել` թե ով է մատ հայտարարում: Սուր սկզբնախաղեր խաղալիս կսովորեք գնահատել յուրաքանչյուր տեմպ, զարգացնել խաղաքարերը և արդյունավետ հարձակվել:
4․ Միշտ կմտածեք անվտանգության մասին
Երբեմն, և նույնիսկ շատ հաճախ այնպես է պատահում, որ ձեր հակառակորդը կարող է նախաձեռնող լինել, և դուք պետք է շատ ուժեղ պաշտպանություն ստեղծեք և փորձեք հակահարված տալ: Այն շախմատիստները, ովքեր հարձակվողական սկզբնախաղեր են խաղում, ընդհանուր առմամբ շատ ավելի լավ են իրենց դրսևորում ուժեղ ճնշման տակ:
5․ Դուք կխուսափեք վաղ ոչ-ոքիներից
Սուր սկզբնախաղեր խաղալու մեկ այլ առավելությունն այն է, որ այն նվազեցնում է ոչ-ոքիի հնարավորությունները: Չի կարելի ասել, որ դուք կհաղթեք այս բոլոր խաղերում։ Դուք, իհարկե, կպարտվեք դրանցից շատերը: Միշտ հիշե՛ք, որ լավ խաղերում պարտվելը ձեզ լավ դաս կտա և հետագայում կփոխհատուցեք ինքներդ ձեզ` հաղթանակներ տանելով:
Մագնուս Կարլսենը այդ հասկացության լավ օրինակ է: Նա միշտ փորձում է խուսափել ոչ-ոքիներից ինչքան որ կարողանում է, և ինչպես տեսնում ենք, դա նրա մոտ շատ լավ է ստացվում:
6․ Կսովորեք խաղի պլան կազմել
Սուր սկզբնախաղերում և սուր դիրքերում լավ խաղալու համար անհրաժեշտ է ճշգրիտ պլանավորել քայլերը: Եթե չկարողանաք պլանավորել հարձակումը, չեք կարողանա արդյունավետորեն հարձակվել: Երբ պլանավորեք հարձակումը, հաշվեք բոլոր անհրաժեշտ տարբերակները, մնացածն արդեն հեշտ կլինի:
7․ Կբարելավեք ձեր շախմատային մակարդակը
Խաղալով սուր սկզբնախաղերում, խնդիրների մեջ հայտնվելով և դուրս գալով դրանցից` կզգաք շախմատ խաղալու իրական հաճույքը: Հաշվարկած ռիսկերի գնալով, պլանավորելով և հարձակումներ ստեղծելով, ինպես նաև ուժեղ պաշտպանություն ստեղծելով, դուք կաճեք որպես շախմատիստ: Մի՛ վախեցեք հարձակվողական շախմատ խաղալուց, ընտրե՛ք ավելի սուր սկզբնախաղեր, մի՛ խաղացեք փոխզիջումային շախմատ, և շուտով դուք ինքներդ կտեսեք ձեր առաջընթացը:
Եվ, ի վերջո, սուր դիրքեր խաղալը ավելի հետաքրքիր է։