Խաղաքարերի ակտիվացում

Ակտիվ խաղաքարերը կարողանում են ակտիվ քայլեր կատարել, իսկ ակտիվ քայլերը տանում են ավելի լավ դիրքի: Ակտիվ խաղաքարը այն խաղաքարն է, որը խաղատախտակի վրա լավ դիրք է գրավում, կամ այն խաղաքարը, որը կարողանում է լավագույնս համագործակցել մյուս խաղաքարերի հետ: Ակտիվ խաղաքարը սովորաբար, հարձակվում է, կամ այլ օգտակար գործառույթ է իրականացնում: Վատ է պասիվ խաղաքարը, որը միայն պաշտպանողական գործառույթ է իրականացնում, կամ ոչ մի օգտակար քայլ չի անում: Պետք է միշտ ձգտեք բարելավել ձեր խաղաքարերի դիրքը և թուլացնել հակառակորդի խաղաքարերը:
Շախմատում քայլերից շատերը դիրքային քայլեր են: Մարտավարական քայլերը սպառնալիքներ են ստեղծում և օգնում նյութական առավելություն ստանալ կամ մատ հայտարարել մրցակցի արքային: Դիրքային քայլերի շնորհիվ դուք բարելավում եք ձեր խաղաքարերը, որոնք հետագայում մարտավարական քայլերի հերոսներ են դառնում: Սկզբնախաղում ձեր գրեթե բոլոր  քայլերը դիրքային քայլեր են, որոնք խաղաքարերի դիրքերը բարելավելու նպատակ են հետապնդում: Երբ զարգացնում եք խաղաքարերը, դուք դրանք տեղափոխում եք ավելի լավ դաշտեր, ակտիվացնում եք, որպեսզի կարողանաք հարձակվել հակառակորդի արքայի վրա: Ողջ խաղի ընթացքում դուք պետք է դիրքային քայլեր անեք` բարելավելու ձեր խաղաքարերը:
Խաղաքարերի ռազմավարությունը բաղկացած է երեք մասից, որն ուղղված է խաղաքարերի բարելավմանը: Այդ մասերից յուրաքանչյուրը վերաբերում է խաղաքարերի տարբեր խմբերի:

1)  Զինվորներ

 Ցանկացած քայլ անելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ տեղի կունենա զինվորային կառուցվածքի հետ: Փորձե՛ք ուժեղացնել ձեր և թուլացնել մրցակցի զինվորները, իսկ եթե արդեն ունեք ուժեղ զինվորներ, ձգտե՛ք պահել դրանք: Եթե ձեր զինվորները թույլ են, ձգտեք ուժեղացնել դրանց: Եթե հակառակորդն ունի ուժեղ զինվորներ, փորձե՛ք վերացնել դրանց։ Թույլ զինվորները ձեզ միայն անհանգստություն կպատճառեն, մինչդեռ ուժեղ զինվորերը միշտ էլ առավելություն կտան, հատկապես վերջնախաղում:

2)  Խաղաքարեր

1.Պաշտպանե՛ք ձեր խաղաքարերը:  Անպաշտպան խաղաքարերը միշտ էլ անհանգստության պատճառ են և կարող են լուրջ խնդիրների հանգեցնել, հատկապես արագ և կայծակնային շախմատում: Դրանք դառնում են հակառակորդի մարտավարական հնարքների և հարձակումների թիրախները: Դրանք կարող են նաև խոչընդոտել ձեր սեփական պլաններին: Վաղ թե ուշ անպաշտպան խաղաքարերը ձեզ խնդրի առջև կկանգնեցնեն: Նույնիսկ եթե ձեր խաղաքարերը հարձակման տակ չեն, միևնույն է` անհրաժեշտ է պաշտպանել դրանք, որպեսզի հետագայում խնդիրների առջև չկանգնեք:

Բարելավե՛ք ձեր խաղաքարերի դիրքը:  Անհրաժեշտ է ամեն հնարավոր պահի բարելավել ձեր խաղաքարերը, ինչը նշանակում է, որ պետք է խաղաքարերն ավելի լավ դաշտերի վրա կանգնեցնել: Լավ դաշտերը սովորաբար կենտրոնական դաշտերն են, կամ հակառակորդի տարածքում են, կամ հակառակորդի արքային մոտ: Պետք է կարողանաք նաև այնպես անել, որ ձեր խաղաքարերը համագործակցեն: Այն խաղաքարերը, որոնք կարողանում են համագործակցել, ավելի վտանգավոր սպառնալիքներ են ստեղծում:

3)Արքա: 

Սկզբնախաղում արքային պաշտպանելու լավագույն ձևը փոխատեղումն է: Միջնախաղում և վերջնախաղում արքայի մոտ պահե՛ք մի քանի զինվոր և խաղաքար: Եթե հակառակորդը նյութապես գերազանցում է կամ ավելի լավ է պաշտպանել արքային, պետք է ուշադիր լինել, քանի որ նա կարող է հարձակում սկսել: Մի՛շտ ուշադրության կենտրոնում պահեք արքային շարջապատող դաշտերը:
Այս ամենի հետ մեկտեղ պետք է փորձեք անապահով միջավայր ստեղծել հակառակորդի արքայի համար: Եթե ձեզ հաջողվի վերացնել մրցակցի արքային պաշտպանող զինվորներին կամ ֆիգուրներին, դուք կկարողանաք հարձակում սկսել:

Արտյոմ Սուքիասյան