Օնլայն շախմատի մասին

Ո՞րն է տարբերությունը իրական և օնլայն շախմատի միջև։ Հիմնական տարբեությունն այն է, որ օնլայն շախմատ խաղալիս դու չես կարող տեսնել քո հակառակորդին և նա չի կարող տեսնել քեզ։ Շատերի համար դա կարող է առավելություն լինել, քանի որ չեն խանգարի ոչ շախմատային գործոնները։ Համենայն դեպս, որոշ շախմատիստների համար կարող է ճիշտ հակառակը լինել․ ձեզանից քանի՞սն են իսկապես լրջորեն վերաբերում օնլայն շախմատին և մինչ հակառակորդը մտածում է միաժամանակ բրաուզերում չեն բացում այլ էջեր կամ որևէ այլ բանով չեն շեղվել։

Օնլայն շախմատը զվարճալի է, այն հեշտ է խաղալ։ Բայց երբևէ մտածե՞լ ես, թե ինչքան ժամանակ ես ծախսում օնլայն շախմատ խաղալու համար և ավելի ուշ զարմանում, թե ինչու լավ չես խաղում խաղատախտակի առջև։ Օնլայն խաղալիս շատերը բլից շախմատ են խաղում։ Այսպիսի պարտիաները չեն բարելավի քո՝ ստանդարտ ժամակարգով խաղալու հնարավորությունները։

Մարդկանց մեծ մասը օնլայն շախմատին լուրջ չի վերաբերում այնպես, ինչպես <<իրական>> շախմատին։ Իրական խաղատախտակի առջև խաղացողները օնլայն շախմատին վերաբերվում են որպես զվարճանք, որը թուլյ է տալիս նոր քայլեր, նոր սկզբնախաղեր փորձարկել։

   Մտածի՛ր այդ մասին։ Երբ օնլայն խաղացողներն իրենց օնլայն սկզբնախաղերով  գալիս են <<իրական աշխարհի>> շախմատային առաջնություն, նրանք, սովորաբար, պարտված դիրք են ստանում հենց սկզբնախաղում։ Բանն այն է, որ նրանք սովոր են արագ շախմատ խաղալուն, ուստի նրանք մեծ ուշադրություն չեն դարձնում սկզբնախաղին։ Եթե դու վարպետ չես, 3 րոպեում շատ դժվար է օգտագործել հակառակորդի սխալները։ Համենայն դեպս, խաղատախտակի առջև ստանդարտ ժամանակով խաղալիս շախմատիստները շատ ժամանակ ունեն մտածելու, թե ինչու է այդ ձին վատ դիրքում կանգնած և ինչու է այդ մեկուսացած զինվորը հակառակորդի պաշտպանության թույլ կողմը հանդիսանում։ Իրականում շախմատիստները կօգտագործեն հակառակորդի այս երկու թերությունը, և վերջինս ստիպված կլինի դժվարությունների միջով անցնել պաշտպանվելու համար։ 3 րոպեանոց խաղի ժամանակ զինվորների թուլությունը կամ ֆիգուրի վատ դիրքում կանգնած լինլը մեծ խնդիր չէ, քանի որ հակառակորդը, եթե նույնիսկ փորձի մտածել այդ բոլորի մասին, ժամանակը կսպառի և կպարտվի։ 

   Հաջորդը հոգեբանական գործոնն է, որն օնլայն շախմատը իրական շախմատից շատ տարբեր է դարձնում։ Երբ ինչ-որ մեկը օնլայն շախմատ է խաղում, նա կարող է նստել կամ նույնիսկ գիշերանոցով պառկել նոթբուքի առջև, երաժշտություն միացնել և խաղալ։ Նա չգիտի, թե ինչպիսի տեսք ունի իր հակառակորդը, ով է նա և ինչպիսի ռեակցիա է ցույց տալիս յուրաքանչյուր քայլին։ Խաղացողը միայն տեսնում է էկրանի վրայի փոքր խաղատախտակը։ Հիմա պատկերացրեք այլ պատկեր․ շախմատիստը նստած է դահլիճում, որտեղ կան հարյուրավոր այլ շախմատիստներ, նրա առջև նստած է իր մրցակիցը, ով, կարծես, փորձում է անել ամեն ինչ քեզ խանգարելու համար։ Այո, սա հաճախ է պատահում։ Հակառակորդները սիրում են հետ ու առաջ քայլել, կոկորդը մաքրել երբ հակառակորդի ժամանակը սուղ է, ուշադիր նայել հակառակորդին, ժամացույցին ուժեղ կամ մի քանի անգամ հարվածել և այլն։

Եվ ընդհանրապես, իրական շախմատում, հատկապես մրցաշարերում, լրիվ այլ մթնոլորտ է տիրում։ Այնտեղ ոչինչ չի խանգառում, և կարողանում ես հեշտ կենտրոնանալ խաղի վրա։ Իսկ օնլայն շախմատում քեզ անընդհատ շեղով բաներ են լինում, օրինակ՝ միացված հեռուստացույցը, քայլող կամ զրուցող տանեցիները, որոնցից ոմանք նույնիսկ կփորձեն քեզ հետ զրուցել, կողմնակի աղմուկը և ալյն։ Ինչպես Ջուդիթ Փոլգարն է ասել, <<Շախմատը 60%-ով հոգեբանություն է>>։ Սա շատ ճիշտ է իրական շախմատի համար։

Եթե խաղում ես ուղղակի հաճույքի համար և ազատ ժամանակ արագ շախմատ ես խաղում, միանգամայն նորմալ է։ Բայց  եթե դու շախմատին ավելի լուրջ ես վերաբերում և օնլայն շախմատ խաղալով ցանկանում ես ավելի լավ խաղալ սովորել, ապա դա չի օգնի, դու պետք է ավելի քիչ ժամանակ տրամադրես օնլայն խաղալուն և ավելի շատ ժամանակ տրամադրես պարապելուն և իրական շախմատ խաղալուն։

Օնլայն շախմատից կարելի է քաղել միայն մեկ մեծ օգուտ․ սկզբնախաղային նոր գաղափարներ կորզել, այսինքն հանդիպելով որևէ հետաքրքիր սկզբնախաղային գաղափարի, կարող եք այն վերլուծել, մշակել և հարմարեցնել ձեզ համար։ Կարող եք նաև վերլուծել պարտիաներում հանդիպած որոշ դիրքեր, սակայն դա հազվադեպ հանդիպող տարբերակ է։

Շատերը խաղում են 3 րոպեանոց բլից կամ նույնիսկ 1 րոպեանոց պարտիա։ Եթե ցանկանում ես հաջողության հասնել, պետք է կարողանաս լավ քայլեր խաղալ արագ տեմպով, քանի որ պարտիաներից մեծ մասի արդյունքը որոշում է ժամանակը։ Ժամանակը շատ կարևոր գործոն է օնլայն պարտիաներում։ Սովորիր լավ վերահսկել ժամանակը և դու կհաղթես ավելի շատ պարտիաներ, քան կարող էիր պատկերացնել։ Արագ շախմատ խաղալու հնարքը արագ տեմպով կիսալավ քայլեր խաղալն է՝ դիրքը երկար վերլուծելու ու լավագույն շարունակությունը գտնելու փոխարեն։

Քանի որ խոսեցինք օնլայն շախմատում ժամանակի կարևորության մասին, պետք է նշենք մի պարզ հնարք, որը կօգնի  պահպանել թանկարժեք վայրկյաններ։ Այն կոչվում է նախնական քայլ։ Սա նշանակում է, որ դու կարող ես ծրագրին հայտնել, թե ինչ քայլ կատարի քո հակառակորդի քայլից անմիջապես հետո։ Օրինակ ֆիգուր փոխանակելիս գիտես, որ հակառակորդդ պետք է վերցնի քո ֆիգուրը, այնուհետև դու վերցնես իր ֆիգուրը։ Դու կարող ես այդ քայլը նախապես անել՝ խնայելով ժամանակդ։

Արտյոմ Սուքիասյան